Եվ դարձյալ զգուշացրիր նրանց՝ դառնալու քո Օրենքին, իսկ նրանք հիմարությամբ անմտանալով չանսացին քո օրենքներին և մեղանչեցին քո հրամանների և պատվիրանների դեմ, որ դու ասել և հրամայել էիր, որպեսզի մարդկանցից ով կատարի քո պատվիրանների խոսքերը, ապրի նրանցով։ Իսկ նրանք դարձրին իրենց թիկունքները, խստապարանոց դարձան և չլսեցին քո խոսքը։
քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խոսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկությամբ, ընթանում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց և երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ։
Ինչպես որ գոտին պատում է մարդու մեջքը, այդպես իմ շուրջը պատեցի Իսրայելի ամբողջ տունը և Հուդայի ամբողջ տունը,- ասում է Տերը,- որպեսզի նրանք ինձ համար դառնան անվանի ժողովուրդ և պարծանք ու փառք. բայց նրանք չլսեցին ինձ»։
Բայց դուք այնքան անզգամ եղաք, որ արեցիք ավելին, քան ձեր հայրերը. ահավասիկ դուք յուրաքանչյուրդ ինձ չլսելու համար ընթանում եք ձեր չար սրտերի հաճույքների հետևից։
Նրանք փայտին ասացին. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դո՛ւ ծնեցիր ինձ”։ Եվ նրանք ոչ թե իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձության ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”։
Տիրոջ խոսքի դեմ ըմբոստացածներին նրանք ասում են. “Խաղաղությո՜ւն լինի ձեզ”. բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամքի, կամ յուրաքանչյուրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորության, ասում են. “Քո գլխին չարիք չի գալու”։
Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները, որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-
Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը Տիրոջ անվան համար հավաքվելու են Երուսաղեմում և այլևս չեն հետևելու իրենց սրտերի չար խորհուրդներին։
Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին և չընթացան ըստ քո հրամանների, և այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։
Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։
Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։
Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։
Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։
Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
Աստված չի ուզենա ներել նրան, այլ կբորբոքվեն նրա բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, նրա վրա կթափվեն այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքները, և Տերը նրա անունը կջնջի երկրի վրայից։