Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՈՎՍԵԵ 10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը. ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց, ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։

2 Բաժան-բաժան արեցին իրենց սրտերը, արդ կորստյան կմատնվեն։ Նա կկործանի նրանց զոհասեղանները. թշվառության մեջ կընկնեն նրանց արձանները։

3 Քանի որ հիմա կասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, բայց թագավորը մեզ ի՞նչ կանի»։

4 Եթե խոսքեր ասի՝ ստապատիր են. ուխտ կկնքի, և արդարադատությունն ինչպես սիզախոտ կաճի ագարակի անմշակ հողում։

5 Ովնի տան կուռքի՝ հորթի պատճառով Սամարիայի բնակիչները պանդուխտ կլինեն, որովհետև նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրա. և ինչպես դառնացրին նրան, կչարախնդան նրա փառքի վրա, քանի որ գերեվարվեցին նրանից։

6 Եվ նրան կապկպած ասորեստանցիների մոտ՝ Հարիմ արքային նվեր կտանեն. կաշառքով կընդունի Եփրեմին. Իսրայելը կամաչի իր խորհուրդների համար։

7 Սամարիան մերժեց իր թագավորին, ինչպես չոր ոստը՝ ջրի երեսից։

8 Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։


Աստված հայտնում է Իսրայելի վճիռը

9 «Այն օրվանից, ինչ բարձունքները կան, Իսրայելը մեղանչել է։ Այնտեղ կանգ առան, բայց նրանք չեն հասնի բարձունքներին. պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝

10 խրատելու նրանց. և ազգերը կհավաքվեն նրանց դեմ՝ խրատելու նրանց իրենց երկու անիրավությունների համար։

11 Եփրեմը վարժված երինջ է, հակառակասեր, բայց ես վերահասու կլինեմ նրա պարանոցի գեղեցկությանը. կելնեմ Եփրեմի վրա և կանտեսեմ Հուդային, և Հակոբը կհզորանա նրա դեմ։

12 Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ և քաղե՛ք կենաց պտուղ. լուսավո՛ր դարձրեք ձեզ համար գիտության լույսը, փնտրե՛ք Տիրոջը, մինչև արդարության պտուղները գան ձեզ։

13 Ինչո՞ւ չլսելու տվեցիք ամբարշտությունը, փայփայեցիք նրա անօրենությունները և կերաք ստության պտուղը. որովհետև հույսդ դրեցիր քո կառքերի վրա, քո զորքերի բազմության վրա։

14 Քո ժողովրդի վրա ավեր կգա, և քո բոլոր պարսպապատ քաղաքները կկործանվեն, ինչպես Սաղմանա իշխանը՝ Հերոբովի տնից պատերազմի օրերին. մորը կոտորեցին որդիների կողքին,

15 նույնպես կանեն ձեզ, ո՛վ Իսրայելի տուն, ձեր չարիքների երեսից»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ