Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՄԻՔԻԱ 6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Տիրոջ դատն Իսրայելի դեմ

1 Լսե՛ք սա, որ Տերն ասաց. «Վե՛ր կաց և դա՛տ արա լեռների հետ, և բլուրները թող լսեն քո ձայնը։

2 Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։

3 «Իմ ժողովո՛ւրդ, ի՞նչ եմ արել քեզ կամ ինչո՞վ եմ տրտմեցրել քեզ կամ ինչո՞վ եմ նեղացրել քեզ, ինձ պատասխա՛ն տուր։

4 Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։

5 Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։

6 Ինչո՞վ շտապեմ Տիրոջ մոտ. կապավինեմ իմ բարձրյալ Աստծուն. թե՞ շտապեմ նրա մոտ ողջակեզներով և տարեկան հորթերով։

7 Եթե այդպես լինի, Տերը կընդունի՞ հազարավոր խոյեր կամ բյուրավոր պարարտ նոխազներ, թե՞ ամբարշտությունների պատճառով տամ իմ անդրանիկները և իմ միջի պտուղը՝ իմ անձի մեղքերի համար։

8 Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։

9 Տիրոջ ձայնը կհնչի քաղաքի վրա և կփրկի նրա անունից երկյուղածներին։ «Լսի՛ր, ա՛զգ, ո՞վ է հանդերձավորելու քաղաքը,

10 եթե ոչ հուրը և անօրենի տունը, որ գանձում է անօրեն գանձեր անիրավության հպարտությամբ։

11 Եվ կլինի՞, որ անօրենն արդարանա կաշառքով ու նենգության կշեռքի պայուսակով.

12 ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։

13 Ես կործանումով հարվածեցի քեզ քո մեղքերի համար։

14 Դու կուտես և չես հագենա. մերժեցի քեզ. կբռնվես և չես ազատվի, և ովքեր որ ազատվեն, սրի կմատնվեն։

15 Դու կսերմանես, բայց չես հնձի, ձեթ կքամես, բայց չես օծվի յուղով, և գինի, բայց գինի չես խմի։ Կվերանան իմ ժողովրդի անօրենները

16 և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ