և ասաց. «Դու ես միակ Տերը, դու ստեղծեցիր երկինքն ու երկինքների երկինքը՝ իր ողջ կարգով, երկիրը՝ իր ողջ կարգով, և ամեն ինչ որ նրանում է, ծովը և ամեն ինչ որ նրա մեջ է, դու կենդանություն ես տալիս բոլորին, և քեզ երկրպագում են երկնքի զորքերն ու քեզ փառավորում երկինքների երկինքը,
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
Հիսուսը նորից՝ երկրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող քո կամքը լինի»։
Եվ մինչ նրանք լսում էին այս, Հիսուսը մի առակ էլ ավելացրեց, քանի որ մոտենում էր Երուսաղեմին, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։
Եվ երբ նրան փոխեց, նրանց համար մեջտեղ բերեց Դավթին՝ որպես թագավորի, որի մասին և վկայելով՝ ասաց. “Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը” (Սաղ. 88(89).21)։
Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։
Դրա համար մենք էլ այն օրվանից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի իր կամքի կատարյալ գիտությունը տա ձեզ՝ ամեն տեսակ իմաստությամբ և հոգևոր իմացությամբ՝
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։
Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։
Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի և ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. «Ալելուիա՜. թագավորեց մեր Ամենակալ Աստվածը։
Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։