Եբրայեցիներին 1 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԱստծու խոսքը իր Որդու միջոցով 1 Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ 2 Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ 3 Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։ Որդին հրեշտակներից մեծ է 4 Նա այնքան գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։ 5 Արդարև, հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։ Եվ դարձյալ. «Ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի» (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13)։ 6 Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները» (Բ Օր. 32.43 (LXX))։ 7 Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին՝ հրեղեն բոցեր» (Սաղ. 103(104).4)։ 8 Իսկ Որդու մասին ասում է. «Քո աթոռը, Աստվա՛ծ, հավիտենական է. քո արքայության գավազանը՝ շիտակության գավազան։ 9 Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 44(45).6-7)։ 10 Նաև՝ «Դու, Տե՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։ 11 Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս և մնում ես։ Բոլորը պիտի մաշվեն որպես ձորձեր. 12 Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 101(102).25-27)։ 13 Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ» (Սաղ. 109(110).1)։ 14 Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia