Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։