ՍԱՂՄՈՍՆԵՐ 141 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Աղոթք Դավթի՝ իմաստության, երբ նա քարայրում էր 2 Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով Տիրոջն աղաչեցի, 3 Տիրոջ առջև պիտի սփռեմ իմ աղոթքները, Նրա առջև պիտի պատմեմ նեղություններս։ 4 Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր, Ճանաչեցիր իմ շավիղները. Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։ 5 Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։ 6 Աղաղակեցի քեզ, Տե՜ր, և ասացի. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի աշխարհում»։ 7 Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, Որովհետև ես հույժ տկարացա. Փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, Որովհետև ինձանից հզոր եղան։ 8 Տե՜ր, հանի՛ր ինձ բանտից, Որ գոհություն մատուցեմ քո անվանը Արդարների հավաքին, Քանի որ օգնեցիր ինձ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia