ԱՌԱԿՆԵՐ 15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։ 2 Իմաստունների լեզուն գիտի բարին, անզգամների բերանը պատմում է չարիքներ։ 3 Տիրոջ աչքն ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։ 4 Լեզվի հոգածությունը կյանքի ծառ է. ով հսկում է այն, իր հոգին պիտի լցվի։ 5 Անզգամն անարգում է հոր խրատը, իսկ ով ընդունում է հանդիմանությունը, խորագետ է։ 6 Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։ 7 Իմաստունների շուրթերը շաղ են տալիս իմաստություն, իսկ անմիտների սրտերը չեն կարող հաստատ լինել։ 8 Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։ 9 Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, իսկ ով արդարությանն է հետևում, Տերը սիրում է նրան։ 10 Անմեղի խրատն ընդունելի է մերձավորներին, իսկ ով ատում է հանդիմանությունը, պիտի վախճանվի անարգանքով։ 11 Դժոխքն ու կործանումը հայտնի են Տիրոջ առջև, ինչո՞ւ ոչ՝ նաև մարդկանց սրտերը։ 12 Անուղղելին չի սիրում իրեն հանդիմանողին և չի խոսում իմաստունների հետ։ 13 Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը, իսկ տրտում հոգին՝ թախծալի շրջում։ 14 Ուղիղ սիրտը փնտրում է իմաստությունը, անխրատ մարդկանց բերանը չարիքի է հանդիպելու։ 15 Չարի աչքերը ամեն ժամ սպասում են չարիքների, իսկ բարիները պիտի հանդարտվեն ամեն ժամ։ 16 Լավ է քիչը՝ Տիրոջ հանդեպ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ աներկյուղածությամբ։ 17 Լավ է բանջարեղենի ճաշը՝ սիրով ու շնորհով, քան թե պարարտ արջառի միսը՝ թշնամությամբ։ 18 Բարկացող մարդը կռիվ է հարուցում, իսկ երկայնամիտը խաղաղեցնում է եկող կռիվը։ 18ա Երկայնամիտ մարդը մեղմում է դատաստանը, իսկ ամբարիշտը ավելի է գրգռում։ 19 Ծույլերի ճանապարհները ծածկված են փշերով, իսկ ժիրերինը՝ բաց են։ 20 Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։ 21 Անմիտի սիրտը կարոտ է իմաստության, իմաստուն մարդն ընթանում է ուղիղ ճանապարհով։ 22 Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։ 23 Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։ 24 Իմաստունի խորհուրդը կյանքի ճանապարհ է, որովհետև խորշելով դժոխքից՝ կփրկվի։ 25 Տերը կործանում է ոխակալների տները և հաստատ է պահում սահմանը որբերի և այրիների։ 26 Անիրավ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջև, սրբերի խոսքերը պարկեշտ են։ 27 Կաշառք վերցնողը սպանում է իր հոգին, իսկ ով ատում է կաշառքը, պիտի փրկվի։ 27ա Ողորմությամբ ու հավատքով սրբվում է մեղքը, Տիրոջից երկյուղով յուրաքանչյուրը խորշում է չարից։ 28 Արդարների սրտերը խոկում են հավատքի մասին, իսկ ամբարիշտի բերանը չարիք է պատասխանում։ 28ա Արդար մարդկանց ճանապարհները հաճելի են Տիրոջ առջև. նրանց շնորհիվ թշնամիները դառնում են բարեկամներ։ 29 Ամբարիշտներից հեռու է Աստված և լսում է արդարների աղոթքը։ 29ա Լավ է քիչ շահելն արդարությամբ, քան թե շատ արդյունքը՝ աներկյուղածությամբ։ 30 Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որպեսզի Աստված ուղղի նրա ընթացքը։ 31 Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, բարի համբավը զորացնում է ոսկորները։ 32 Խրատ մերժողն ատում է իր անձը, ով ընդունում է հանդիմանություն, խոհեմություն պիտի ստանա։ 33 Տիրոջից երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքի սկիզբը պատշաճում է նրան։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia