բ. Եղջյուրների տեսիլքը1 Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա չորս եղջյուրներ 2 և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Ասաց ինձ. «Դրանք այն եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և Իսրայելը»։ 3 Եվ Տերն ինձ ցույց տվեց չորս հյուսն։ 4 Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։ գ. Չափելու լարի տեսիլքը5 Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա մի մարդ, և իր ձեռքին երկրաչափ լար ուներ։ 6 Ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Եվ ասաց ինձ. «Երուսաղեմը չափելու և տեսնելու, թե որչա՛փ է նրա լայնությունը և որչա՛փ՝ երկարությունը»։ 7 Եվ ահա հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, հանգիստ կանգնած էր, և ուրիշ հրեշտակ ելավ նրան ընդառաջ 8 և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։ 9 Ես նրա համար շուրջանակի հրեղեն պարիսպ կլինեմ և փառքով կբնակվեմ նրա մեջ”»։ Տիրոջ վերադարձի հրավեր10 «Հե՛յ, հե՛յ, փախե՛ք հյուսիսի երկրից,- ասում է Տերը,- քանի որ երկնքի չորս հողմերից կհավաքեմ ձեզ,- ասում է Տերը։ 11 Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։ 12 Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Փառքի հետևից ինձ արձակեց դեպի այն ազգերը, որ կողոպտեցին ձեզ, որովհետև ով մոտենա ձեզ, նման է նրան, ով հարվածում է իր աչքի բիբին։ 13 Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։ 14 «Խնդա՛ և ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ ու կբնակվեմ քո մեջ,- ասում է Տերը,- 15 և այդ օրը շատ ազգեր կապավինեն Տիրոջը և կլինեն նրա համար ժողովուրդ ու կբնակվեն քո մեջ»։ Եվ կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։ 16 Եվ Տերը սուրբ երկրում կժառանգի Հուդան՝ իր բաժինը, և դարձյալ կընտրի Երուսաղեմը. 17 և թող ամեն մարմին երկնչի Տիրոջ երեսից, քանի որ Տերը բարձրացել է իր սուրբ ամպերից։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia