ԶԱՔԱՐԻԱ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչդ. Քահանայապետի տեսիլքը 1 Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։ 2 Եվ Տերն ասաց սատանային. «Տերը կսաստի քեզ, սատանա՛, կսաստի քեզ Տերը, որն ընտրեց Երուսաղեմը. արդ մի՞թե այն կրակից ազատված մի խանձափայտ չէ»։ 3 Եվ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել ու կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ։ 4 Պատասխան տվեց և ասաց նրանց, որ կանգնած էին իր առաջ. «Նրա վրայից հանե՛ք կեղտոտ հագուստները»։ Եվ ասաց նրան. «Ահա վերացրի քեզնից քո անօրենությունները։ Երկար պատմուճա՛ն հագցրեք դրան 5 և մաքուր խո՛ւյր դրեք դրա գլխին»։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին ու հագուստներ հագցրին նրան։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր, 6 և Տիրոջ հրեշտակը վկայություն տվեց Հեսուին և ասաց. 7 «Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե իմ ճանապարհներով գնաս և իմ հրամանները պահես, դու կդատես իմ տունը, և եթե պահես իմ գավիթները, քեզ կտամ, որ շրջեն դրանց մեջ, որ կանգնած են ահա։ 8 Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։ 9 Քանի որ այն քարը, որ դրեցի Հեսուի երեսի առջև, այն քարի վրա յոթ աչքեր կան. ահա ես խորխորատ կփորեմ,- ասում է Ամենակալ Տերը,- և կշոշափեմ այդ երկրի բոլոր անօրենությունները մի օրում։ 10 Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- բոլորդ կկանչեք, յուրաքանչյուրն իր ընկերոջը, որթատունկի տակ և թզենու տակ”»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia