Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԵՐԳ ԵՐԳՈՑ 7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ԵՐԳ ԵՐԳՈՑ 7

Փեսան այսպես է ասում դուստրերին և թագուհիներին.

1 Ի՞նչ եք տեսնում սուլամացու վրա, որ դեպի մեզ է գալիս բանակների գնդերի պես։ Ինչպե՜ս կոշիկներով գեղեցկացավ քայլվածքը քո, դո՛ւստր Ամինադաբի։ Քո ազդրերը նման են ճարտար վարպետի ընդելուզած ուլունքների։

2 Պորտը քո սափոր է վարպետորեն կատարված՝ անպակաս խառնուրդի գինուց։ Որովայնդ նման է շուշանով ծածկած ցորենի դեզի,

3 Ստինքներդ նման են այծյամի երկվորյակ ձագերի։

4 Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։

5 Գլուխդ քեզ վրա է, ինչպես Կարմելոսը, իսկ գլխիդ հյուսքերը՝ ծիրանիի նման, թագակիր թագավորի պես ասպարեզներում։

6 Որքա՜ն գեղեցկացար և որքա՜ն քաղցրացար, և ի՜նչ հեշտալի դարձավ, օ սե՜ր իմ, քո փափկության մեջ։

7 Հասակդ՝ արմավենու պես, իսկ ստինքներդ էլ՝ իբրև ողկույզներ։

8 Ասացի՝ ելնեմ արմավենու վրա, մինչև գագաթ հասնեմ, և քո ստինքները խաղողի ողկույզի պես կլինեն, Ռունգերիդ շունչը՝ խնձորի բույրի պես, իսկ քո բերանը՝ իբրև ազնիվ գինի։

Հարսը դուստրերի և թագուհիների առաջ ասում է.

9 Ուղղությունը թող եղբորորդուս հետևից գնա, բավականանա թող իմ շուրթերով ու ատամներով։

10 Ես եղբորորդունս եմ, և դեպի ինձ է դառնալու նա։

11 Արի՛, եղբորորդի՛ իմ, ելնենք ագարակները, գիշերենք գյուղերում ու պարտեզներում։

12 Առավոտ կանուխ ելնենք այգիները, տեսնենք, թե ծաղկե՞լ է որթը, ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ նռնենին։ Այնտե՛ղ կտամ քեզ իմ ստինքները։

13 Մանրագորներն իրենց հոտն արձակեցին։ Մեր դռների մոտ ամեն տեսակ մրգատու ծառեր կան՝ նորը հնի կողքին, որ մայրս տվեց ինձ. այն քե՛զ համար պահեցի, եղբորորդի՛ իմ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia