Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՐԳ ԵՐԳՈՑ 6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Հարսը պատասխան է տալիս և ասում.

1 Իմ եղբորորդին իջավ իր պարտեզը՝ խնկածաղիկների մեջ՝ բուրաստաններում հովվելու և շուշաններ հավաքելու։

2 Ես իմ եղբորորդունն եմ, և իմ եղբորորդին՝ իմը. Նա, որ հովվում է շուշանների մեջ։


Փեսան ասում է հարսին.

3 Անուշահոտության պես բարետես ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ, ինչպես Երուսաղեմը, ապշեցուցիչ գեղեցկությամբ հորինված։

4 Աչքերդ դարձրո՛ւ ինձանից, քանզի դրանք վրդովեցին ինձ, վարսերդ նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։

5 Ատամներդ նման են խուզված ոչխարների հոտերի, որ դուրս են գալիս ջրավազանից. բոլորն էլ՝ զույգ գառնուկներով, և ամուլ չկա նրանց մեջ։

6 Շուրթերդ նման են կարմիր թելի, և գեղեցիկ են խոսքերը քո։ Այտերդ՝ իբրև նռան կեղև՝ թաքնված քողիդ հետևում։

7 Վաթսուն թագուհի և ութսուն հարճ, և օրիորդներ, որոնց թիվ չկա։

8 Իմ աղավնին միակն է, իմ կատարյալը, իր մոր միամորիկը, ընտրյալն իր ծնողի։ Տեսան նրան դուստրերն ու երանի տվեցին, գովեցին նրան հարճերն ու թագուհիները։


Դուստրերը և թագուհիները տեսան հարսին և երանի տվեցին նրան.

9 Ո՞վ է սա, որ երևում է ինչպես առավոտ, գեղեցիկ է, ինչպես լուսինը, ընտիր, ինչպես արեգակը՝ զարմանալի հորինված։


Փեսան ասում է հարսին.

10 Իջա ընկուզենիների պարտեզ՝ նայելու ճյուղերի արդյունքին, տեսնելու, թե ծաղկե՞լ է որթը, ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ են նռնենիները։


Հարսն ասում է փեսային.

11 Այնտեղ կտամ քեզ իմ ստինքները, իմ հոգին ոչինչ չիմացավ, ինձ Ամինադաբի կառքերին նմանեցրեց։


Դուստրերը և թագուհիներն ասում են հարսին.

12 Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՛վ սուլամացի, վերադարձի՛ր, վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ