Ծոմապահություն1 Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի և Հակոբի տանը՝ իր անօրենությունների մասին։ 2 Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն 3 և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ 4 Հակառակության և կռիվների մեջ եք ծոմ պահում և բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ։ 5 Ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, 6 սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր. ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,- ասում է Տերը։- Քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։ Հացդ կիսի՛ր քաղցածի հետ7 Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։ 8 Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։ 9 Այն ժամանակ կկանչես, և Աստված կլսի քեզ. մինչև դու խոսես, նա կասի. «Ահա հասել եմ»։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, 10 քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։ 11 Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։ 12 Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։ 13 Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։ 14 Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia