ԵՍԱՅԻ 57 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչՄեղադրանքներ կռապաշտներին 1 «Տեսե՛ք, ինչպե՜ս կորավ արդարը, և չկա մեկը, որ սրտին մոտ ընդունի. արդար մարդիկ վերանում են, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։ 2 Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացավ մեջտեղից։ 3 Բայց դուք մոտեցե՛ք, առա՛ջ եկեք, անօրե՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնությա՛ն որդիներ։ 4 Ինչո՞վ եք գոռոզանում, ո՞ւմ վրա եք բացում ձեր բերանները և կամ ո՞ւմ վրա եք հանում ձեր լեզուները. մի՞թե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ, 5 որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։ 6 Այդ է քո բաժինը, այդ նույնն է քո վիճակը. նրանց առաջ խմելու ընծա թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, և այս ամենի վրա մի՞թե չեմ բարկանալու,- ասում է Տերը։ 7 Այնտեղ՝ բարձր ու մեծ լեռան վրա է քո անկողինը, և դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։ 8 Ապա դռների դրանդիների հետևում հաստատեցիր քո հիշատակները։ Կարծում էիր՝ եթե ինձնից հեռանաս, ավելի՞ բան պիտի գտնես։ Քո անկողինները լայնացրիր և փռվեցիր դրանց վրա. սիրեցիր քո հոմանիներին 9 և հաճախակի դարձրիր քո պոռնկությունը նրանց հետ։ Հեռավորներից շատերին քե՛զ կապեցիր և պատգամաբերներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ Նկուն դարձար ու գերեզման իջար, 10 հոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդություններից և չասացիր. “Այժմ հանգստանամ”, որովհետև ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդվեցիր ինձ։ 11 Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր և չհիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մեջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսա ու անտեսեցի։ Ես այն եմ, որ հավիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։ 12 Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարության և քո չարիքների մասին, որոնք քեզ չեն օգնելու, 13 երբ աղաղակես, և քեզ չեն փրկելու քո նեղությունից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն և մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը։ Խաղաղություն հեռավորներին և մերձավորներին 14 Նրանք պիտի ասեն. “Նրա առաջ բացե՛ք ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»։ 15 Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։ 16 Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։ 17 Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան, հարվածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, և նա տրտմեց ու իմ առաջ թախծելով՝ գնաց իր ճանապարհները։ 18 Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվեցի նրան։ Նրա սգավորների համար պտուղ ստեղծեցի։ 19 Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։ 20 Իսկ անօրենները պիտի ալեկոծվեն և հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կոխկրտվելով ու կավի հետ խառնվելով։ 21 Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,- ասում է Տերը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia