Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԱՌԱԿՆԵՐ 4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ԱՌԱԿՆԵՐ 4

Ճառ Ե

1 Մանուկնե՛ր, լսե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստություն,

2 քանզի ձեզ բարի պարգևներ պիտի պարգևեմ։ Մի՛ թողեք իմ օրենքները,

3 որովհետև ես ևս հնազանդ որդի եմ եղել հորս համար և սիրելի՝ մորս աչքին,

4 որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր,

5 իմաստությո՛ւն ստացիր, հանճա՛ր ստացիր և մի՛ մոռացիր, և մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները, և մի՛ խոտորիր իմ շուրթերի խոսքերից։

6 Մի՛ թող այդ, և նա կպատսպարի քեզ, սիրի՛ր այն, և նա կպահի քեզ»։

7 Առաջինը իմաստությունն է։ Ձե՛ռք բեր այն, և ամեն ինչից առաջ ձե՛ռք բեր զգոնություն։

8 Պարփակվի՛ր նրանով, և նա կբարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, և նա քեզ իր գիրկը կառնի,

9 շնորհի պսակը կդնի գլխիդ և վայելուչ պսակով վերակացու կլինի քեզ։

Ճառ Զ

10 Լսի՛ր, որդյա՛կ, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները կբազմանան, և կավելանան քո կյանքի ճանապարհները։

11 Իմաստության ճանապարհներն եմ քեզ ուսուցանում և խելամուտ դարձնում ուղիղ շավիղներին,

12 որպեսզի եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, ապա չհոգնես։

13 Ամո՛ւր պահիր իմ խրատը և բաց մի՛ թող, այլ պահի՛ր այն ինքդ քեզ համար կյանքիդ ընթացքին,

14 ամբարիշտների ճանապարհով մի՛ գնա, և մի՛ նախանձիր անօրենների ճանապարհներին,

15 և մի՛ անցիր այն տեղով, որտեղ նրանք են բնակվում։

16 Հեռացի՛ր նրանցից և խորշի՛ր այնտեղից, քանզի չեն ննջում, եթե չարիք չեն գործում։ Նրանց քունը փախել է, և չեն ննջում,

17 ովքեր ամբարշտության կերակուր են ուտում և հարբում անօրենության գինով։

18 Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։

19 Խավար են ճանապարհներն ամբարիշտների, և չգիտեն՝ ինչպե՜ս են գայթակղվում։

Ճառ Է

20 Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին,

21 և քո աղբյուրները չեն ցամաքի։ Քո սրտի մե՛ջ պահիր դրանք,

22 քանզի կյանք են գտնողների, և բժշկություն՝ ամբողջ մարմնի համար։

23 Ողջ խնամքով պահի՛ր քո սիրտը, որովհետև դրանից է բխում կյանքի աղբյուրը։

24 Հեռո՛ւ վանիր քեզանից կամակոր բերանը և անիրավ շրթունքները մերժի՛ր քեզանից։

25 Թող քո աչքերն ուղիղ նայեն, և քո թարթիչները արդարությամբ թարթեն։

26 Ոտքիդ շավիղներն ուղի՛ղ դարձրու, և ուղղի՛ր ճանապարհները քո։

27 Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։

27ա Դեպի աջ տանող ճանապարհները ճանաչում է Աստված, և թյուր են դեպի ձախ տանող ճանապարհները։ Աստված ուղիղ կանի քո շավիղները և քո ճանապարհը խաղաղությամբ կառաջնորդի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia