Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԱՌԱԿՆԵՐ 5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Ճառ Ը

1 Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին,

2 որպեսզի բարի խորհուրդները պահես։ Քեզ եմ պատվիրում իմ շուրթերի իմաստությունը։

3 Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ,

4 բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի կտրող, քան սուրը երկսայրի,

5 որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը,

6 որովհետև կյանքի ճանապարհներով չի գնում, զեխ և անհայտ է նրա ընթացքը։

7 Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և մի՛ արհամարհիր իմ խոսքերը,

8 քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին,

9 որ քո կյանքը օտարներին չմատնես և քո ունեցվածքը՝ անողորմներին։

10 Քո ուժով թող չզորանան օտարները, և քո վաստակը ուրիշների տունը չմտնի։

11 Որ հետո զղջաս, երբ քո մարմնի անդամները մաշվեն,

12 ու ասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը, և հանդիմանությունից սիրտս խոտորվեց»։

13 Ո՛չ իմ խրատատուի ձայնն էի լսում, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խոսքերին.

14 քիչ էր մնացել, որ խորհրդի և ժողովրդի մեջ մասնակից դառնայի ամեն չարիքի։


Չորս նախազգուշացումներ

15 Ջուրը քո ամանի՛ց խմիր և քո ջրհորի ջրից։

16 Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, և քո հրապարակը թող հոսեն քո ջրերը։

17 Դրանք միայն քոնը թող լինեն, և ո՛չ մի օտար չբաժանի քեզ հետ։

18 Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ,

19 եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։

20 Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ.

21 քանզի Աստծու աչքի առջև են տղամարդու ճանապարհները, և նա գիտի նրա բոլոր շավիղները։

22 Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,

23 չխրատվելու պատճառով նա մեռավ անխրատների հետ և զրկվեց իր կյանքի երկարությունից ու կորավ անզգամության պատճառով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ