1 Լավ է համով մի պատառը խաղաղությամբ, քան պիղծ միսը ու բարիքով լի տունը՝ թշնամությամբ։ 2 Իմաստուն ծառան պիտի տիրի անմիտ տերերի վրա և ժառանգությունը բաժանի եղբայրների միջև։ 3 Ինչպես արծաթը և ոսկին են փորձվում քուրայի մեջ, այնպես էլ Աստված է սրտերն ընտրում։ 4 Չարագործը հնազանդվում է անօրենի լեզվին, իսկ արդարը չի նայում ստախոս շուրթերին։ Հավատացյալների համար ողջ աշխարհը լի է ինչքով, իսկ անհավատը մեկն իսկ չունի։ 5 Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։ 6 Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։ 7 Անմիտներին վայել չեն հավատարիմ շուրթերը, և ոչ էլ արդարներին՝ ստախոս շուրթերը։ 8 Խրատը պահողի համար շնորհի վարձ է, քանզի ուր էլ դառնա, հաջողություն պիտի գտնի։ 9 Ով բարեկամություն է փնտրում, սխալներն անտեսում է, իսկ երբ դրանք քննում է, բարեկամությունը վնասվում է։ 10 Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։ 11 Չարակամը հակառակություն է առաջ բերում, իսկ Տերն անողորմ հրեշտակ է արձակում նրա վրա։ 12 Հոգսն իմաստունի սիրտն է ընկնում, իսկ անմիտները խորհում են չարիքի մասին։ 13 Ով բարու փոխարեն չարն է հատուցում, չարը նրա տնից չի պակասի։ 14 Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։ 15 Ովքեր անիրավին համարում են արդար և արդարին՝ անիրավ, պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։ 16 Ինչպե՞ս է անմիտն ունեցվածք գտնում, քանի որ հասու չէ, թե ի՛նչ է իմաստությունը։ 16ա Մեղսասերը խնդում է գժտություններով, Ով խուսափում է ուսումից, չարիքի մեջ պիտի ընկնի։ 17 Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։ 18 Անմիտ մարդը ծափ է տալիս և ցնծում, երբ բարեկամներին երաշխավոր է լինում, և մեղավորը խնդում է կռվի ժամանակ։ 19 Մեղսասերը խնդում է գժտություններով, 20 Խստասիրտը բարիքի չի հանդիպի։ Հեղհեղուկ լեզվով մարդը չարիքի մեջ պիտի ընկնի։ 21 Անմիտի սիրտը ցավ է իր մարմնի անդամներին։ Անխրատ որդու համար հայրը չի կարող ուրախ լինել, իսկ իմաստուն որդին ուրախացնում է իր մորը։ 22 Ուրախ սիրտը լավ դեղ է. հոգսաշատ մարդու ոսկորները ցամաքում են։ 23 Կաշառքի համար գրկաբացը հաջողություն չի գտնի իր ճանապարհին, ամբարիշտը խոտորվում է արդարության ճանապարհներից։ 24 Խոհուն մարդու դեմքն իմաստուն է, անմիտ մարդու աչքերն աշխարհի ծայրերին են։ 25 Անմիտ որդին հոր բարկությունն է և ցավ է իր ծնողների համար։ 26 Արդար մարդու տուժելը բարի չէ, ոչ էլ իշխանի նենգելը իրավունքի մեջ՝ արդարի հանդեպ։ 27 Խիստ խոսքը զսպողն իմաստուն է, համբերատար մարդը՝ խոհուն։ 28 Անմիտին հարցրին, թե ի՛նչ է իմաստությունը, և ճանաչո՞ւմ է այն. պապանձվեց նա, և կարծեցին, թե իմաստուն է։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia