ԱՌԱԿՆԵՐ 16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Մարդ ինչ դրել է սրտում, իրեն է վերաբերում, և Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։ 2 Խոնարհի բոլոր գործերը հայտնի են Տիրոջ առջև, և Տերն է դատում հոգիները։ 3 Տիրո՛ջը հանձնիր քո գործերը, և քո խորհուրդները կկատարվեն։ Ի՜նչ մեծության էլ հասնես, խոնա՛րհ պահիր անձդ. և Տիրոջ առջև շնորհ կգտնես։ 4 Տերն ամեն ինչ արել է նպատակի համար. իսկ ամբարիշտները չար օրը պիտի կորչեն։ 5 Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։ 6 Ով փնտրում է Տիրոջը, գիտություն և արդարություն կգտնի, ուղիղ սրտով նրան փնտրողները խաղաղություն կգտնեն։ 7 Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։ 8 Լավ է քիչ շահելը Տիրոջից երկյուղով, քան մեծ գանձերը՝ ամբարշտությամբ։ 9 Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որ Աստված ուղղի ընթացքը նրա։ 10 Մարգարեական պատգամ կա թագավորի շուրթերին, և նրա բերանը չի սխալվի դատաստանի պահին։ 11 Կշռաքարի արդարությունը Տիրոջից է. և նրա գործերը՝ արդար կշիռներ։ 12 Ով չարիք է գործում, գարշելի է թագավորի համար, քանզի նրա իշխանության աթոռը հաստատուն է արդարությամբ։ 13 Արդար շուրթերը հաճելի են թագավորին. Տերը սիրում է ուղիղ խոսքերը։ 14 Թագավորի սրտմտությունը մահվան հրեշտակ է, բայց իմաստունը մեղմում է այն։ 15 Թագավորի որդին կյանքի լույսի մեջ է, և նրա բարեհաճությունը սպասվող անձրևաբեր ամպի է նման։ 16 Իմաստությունը ավելի ցանկալի է, քան ոսկին, Զգոնությունը ավելի ցանկալի է, քան արծաթը։ 17 Կյանքի շավիղները խոտորվում են չարիքներից, կյանքի երկարությունը արդարության ճանապարհներին է։ Ով ընդունում է խրատը, բարիքի մեջ կլինի, հանդիմանությունը պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհով զգույշ գնացողը պահում է իր հոգին. ով սիրում է կյանքը, զսպում է իր բերանը։ 18 Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։ 19 Լավ է խոնարհների հետ հանդարտասիրտ լինել, քան ամբարտավանների հետ ավար բաժանել։ 20 Ով խելացի է գործի մեջ, բարիքներ կգտնի, և ով Տիրոջ վրա է հույսը դնում՝ երանելի է։ 21 Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։ 22 Միտքը կյանքի աղբյուր է ունեցողի համար, իսկ անմիտների խրատը չար է։ 23 Իմաստունի սիրտը գիտե իր բերանի խոսքը, և իր շուրթերով խոհեմություն է խորհում. 24 Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու։ 25 Կան ճանապարհներ, որ մարդուն ուղիղ են թվում, բայց նրանց վերջը նայում է դժոխքի հատակին։ 26 Մարդը տքնանքով վաստակում է իր անձի համար՝ Հեռու վանելով կորուստն իրենից, իսկ անմիտը կորուստը կրում է իր բերանի մեջ։ 27 Անզգամ մարդն իր հոգու մեջ չարիքներ է փորում և հուր է կուտակում իր շուրթերի վրա։ 28 Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։ 29 Անօրեն մարդը փորձության է մատնում իր բարեկամներին և նրանց տանում չար ճանապարհներով։ 30 Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։ 31 Պարծանքի պսակ է ծերությունը, որ մարդը գտնում է արդարության ճանապարհին։ 32 Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։ 33 Անիրավների ամեն ինչը նորից իրենց ծոցն է դառնալու, որովհետև Տիրոջից է բոլորի իրավունքը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia