Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։
Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։
Կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը և համբերատարությունն արհամարհո՞ւմ ես՝ չգիտենալով, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։
Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։
Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։
Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր վեցերորդ։
Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։
Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ,
Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։ Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։
Բայց երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։
Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։
Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։ Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։ Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։ Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։ Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։ Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։ Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։ Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։ Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։ Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։ Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։ Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։
Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։
Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։
Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։ Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ իր անվան համար։
Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։
Իր հրաշքները հիշատակ դարձրեց իր համար. ողորմած և գթած է Տերը։ Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։
Բայց նա ողորմած էր. քավում էր անօրենությունը և չէր ապականում. և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։
Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. բարին մեկն է։ Իսկ թե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պատվիրաննե՛րը պահիր»։
Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։
Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ։
Եսավը, իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել է քո ծառային»։
Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում. Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։
Օրհնյալ է Տերը օր օրի. եթե մեզ վրա բեռ դնելու լինեն, Աստված է մեր փրկությունը։ (Սելա)։
Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։
Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։
Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։ Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։
Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն,
Քո հոր Աստծո՛ւց, որ օգնելու է քեզ, և Ամենակարողի՛ց, որ օրհնելու է քեզ, երկնային վերին օրհնություններով, ներքևում եղող անդունդի օրհնություններով և ստինքների ու արգանդի օրհնություններով։
Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։
Տերն ասաց. «Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ. ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ»։
Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։ Ո՛վ Ահարոնի տուն, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք, նրանց օգնությունը և վահանը նա է։ Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։ Տերը հիշում է մեզ. նա կօրհնի, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը։ Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։ Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։ Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։ Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։ Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները, Այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելուիա՜։ Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»։ Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։
Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։
Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։
Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է. Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները. Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը, Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ, Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։
Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։
Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին. Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։
Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։ Ականջդ դեպի ի՛նձ խոնարհիր, շուտով ազատի՛ր ինձ. զորավոր վե՛մ եղիր ինձ համար և ամուր տուն, որ փրկես ինձ, Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։
Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։
որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։
Սրտմտությանս բորբոքվելով՝ մի վայրկյան երեսս ծածկեցի քեզնից, բայց հավիտենական ողորմությամբ պիտի գթամ քեզ,- ասում է քո Փրկիչը՝ Տերը,-
Երգե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք նրա անվանը, անապատի միջով հեծյալ եկողին ճանապա՛րհ պատրաստեցեք. Եահ է նրա անունը. ցնծացե՛ք նրա առջև։
Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ,
Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։ Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում,
Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։
Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել,
Հավիտյան պիտի օրհնեմ Տիրոջ ողորմությունը. իմ բերանով սերնդեսերունդ պիտի պատմեմ քո ճշմարտությունը. Դու խոցվածի նման ճզմեցիր Ռահաբին, քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։ Քոնն է երկինքը, քոնն է նաև երկիրը. դու հիմնեցիր աշխարհը և նրա լիությունը։ Դու արարեցիր հյուսիսն ու հարավը. Թաբորն ու Հերմոնը ցնծում են քո անվամբ։ Քոնն է ուժեղ բազուկը. քո ձեռքը հզոր է, և քո աջը՝ բարձր։ Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։ Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։ Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ. Որովհետև դու ես նրանց զորության պարծանքը, և քո հաճությամբ պիտի բարձրանա մեր եղջյուրը. Որովհետև Տերը մեր վահանն է, և Իսրայելի Սուրբը՝ մեր թագավորը։ Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սրբի հետ և ասացիր. «Օգնություն դրեցի զորավարի վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից։ Որովհետև ասացի. «Ողորմությունը հիմնված է հավիտյան. դու երկնքում հաստատում ես քո ճշմարտությունը»։
Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։
Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։ Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։
Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։
Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։
Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։
Որովհետև Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և ոչինչ խոտան չէ, եթե գոհությամբ է ընդունվում,
Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։
Տերը պիտի կատարի իմ փոխարեն. Տե՛ր, հավիտյան է քո ողորմությունը. քո ձեռքի գործերը աչքից մի՛ գցիր։
որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։
Տե՛ր, քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և քո հավատարմությունը՝ մինչև ամպերը։ Քո արդարությունը Աստծու լեռների պես է, և քո իրավունքը՝ մեծ անդունդի պես. դու ես փրկում մարդկանց և անասուններին, Տե՛ր։
Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։
Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։
Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։
Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։
Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը։
Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։
Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։ Քննում եմ քո բոլոր գործերը և մտաբերում եմ քո արածները։
Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։
Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ասում եմ. «Դու ես իմ Աստվածը»։ Իմ ժամանակը քո ձեռքին է. ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից։
Երանի՜ այն մարդկանց, որոնց զորությունը քեզնից է, որոնց սրտերում դեպի քո տունը տանող ճանապարհներ կան։
Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։
Շատ են քո հրաշքները, որոնք դու ես արել, ո՜վ Տեր իմ Աստված, և քո խորհուրդները, որ մեզ համար են. ոչ ոք հավասար չէ քեզ. կպատմեի և կխոսեի նրանց մասին, բայց դրանք շատ են թիվ ու համարից։
Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։
Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։
Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։ Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։ Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։
Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։
Այդ օրը կասես. «Գովերգելու եմ քեզ, ո՛վ Տեր, թեև բարկացար ինձ վրա, բայց քո բարկությունը վերացավ, և դու մխիթարեցիր ինձ։
Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։ Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։ Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։
Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։ Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։
Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո ողորմության համեմատ և քո մեծ գթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։