ԵՍԱՅԻ 43:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի. |
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։
Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր։
Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։
Բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։
Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»։
Զորությունների Տիրոջ կողմից այցելություն կլինի որոտումով, երկրաշարժով, մեծաձայն մրրիկով, փոթորկով և լափող կրակի բոցով։
Ահա Տիրոջ անունը գալիս է հեռվից՝ նրա բորբոքված բարկությամբ ու ծանր ծխի մեջ. նրա շուրթերը լի են ցասումով, և նրա լեզուն լափող կրակի պես է։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
«Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։
Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք. նրանից մի՛ վախեցեք,- ասում է Տերը,- որովհետև ես ձեզ հետ եմ, որպեսզի ձեզ ազատեմ և ձեզ փրկեմ նրա ձեռքից։
Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. որովհետև ես պիտի վերացնեմ բոլոր այն ազգերին, որոնց մեջ քեզ աքսորեցի, բայց քեզ չպիտի վերացնեմ, այլ չափավորությամբ պիտի խրատեմ քեզ, թեև քեզ ամբողջովին անպատիժ չեմ թողնելու»։
Եվ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված ընկան կրակով բորբոքված հնոցի մեջ։
Եվ Տիրոջ պատգամաբեր Անգեն Տիրոջ պատգամները հաղորդեց ժողովրդին՝ ասելով. «Տերն ասում է. “Ես ձեզ հետ եմ”»։
Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ. ես կասեմ. “Իմ ժողովուրդն է”։ Եվ նրանք կասեն. “Տերը մեր Աստվածն է”»։
«Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Բայց Տերն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպեսզի իմ միջոցով քարոզչությունը հաստատվի, ու բոլոր հեթանոսները լսեն. և ես առյուծի բերանից ազատվեցի։
Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։