1 «Որովհետև ահա գալիս է այն օրը՝ վառվող, ինչպես հնոցը, երբ բոլոր գոռոզներն ու չարագործները հարդ են լինելու, և նրանց այդ եկող օրը պիտի այրի,- ասում է Զորքերի Տերը,- արմատ և ոստ չի թողնելու։
Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։
Արդարին ո՞վ արթնացրեց արևելքից և նրան կանչեց իրեն ծառայելու։ Նա իրեն է հանձնում ազգերին, տիրակալ կարգում թագավորների վրա։ Իր թրով նրանց վերածում է փոշու, և քշված մղեղի պես՝ նրա աղեղը։
Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։
Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։
Ես ձեզնից պիտի մաքրեմ ապստամբներին և իմ դեմ հանցավոր եղողներին հանեմ իրենց պանդխտության երկրից, բայց Իսրայելի երկիրը չեն մտնելու։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։
Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։
Եվ Հակոբի տունը կրակ պիտի լինի, Հովսեփի տունը՝ բոց, Եսավի տունը՝ հարդ, և պիտի վառվեն նրանց մեջ և լափեն նրանց։ Եսավի տունը մնացորդ չի ունենալու, որովհետև Տերը խոսեց։
Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։
Եվ նա նստելու է իբրև արծաթ զտող և մաքրող։ Եվ մաքրելու է Ղևիի որդիներին և նրանց զտելու է ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն։