ԵՍԱՅԻ 42:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Աստված՝ Տերը, որ արարեց երկինքն ու տարածեց այն, որ ընդարձակեց երկիրն ու ինչ որ նրանից դուրս է գալիս, որ շունչ է տալիս նրա վրա գտնվող ժողովրդին և հոգի՝ նրա վրա քայլողներին. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ ստեղծեց երկինքը և կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ կա նրա վրա, շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա. |
Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։
«Ո՛վ Զորությունների Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմած ես քերովբեների վրա, դու ես երկրի բոլոր թագավորությունների միակ Աստվածը, դու ես արարել երկինքն ու երկիրը։
Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի մեջ ամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։
Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։
Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք. ո՞վ է ստեղծել սրանք. նա է սրանց զորքերը թվով դուրս հանողը, սրանց բոլորին էլ իրենց անունով է կոչում նա իր զորության մեծությամբ և իր կարողությամբ. սրանցից ոչ մեկը չի կորչի։
Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։
Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը՝ դեռ արգանդից քեզ կազմողը. «Ես եմ Տերը, արարել եմ ամեն բան, ես միայնակ տարածել եմ երկինքը, ես ինքս ընդարձակել եմ երկիրը.
Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. իմ ձեռքերն են տարածել երկինքը, և ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին։
Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը. նա՛ է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց և հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ, այլ ստեղծեց բնակության համար։ «Ես եմ Տերը. ուրիշը չկա։
Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և իմ աջն է տարածել երկինքը. երբ կանչեմ նրանց, միասին կկանգնեն»։
Ես չեմ վիճելու հավիտյան և մշտապես չեմ սրտմտելու, այլապես հոգիները և մարդկանց շունչը, որոնց ես եմ ստեղծել, կնվաղեին իմ առաջ։
Նա է իր զորությամբ կերտել երկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։
"Ես եմ իմ մեծ զորությամբ և մեկնած բազկով արարել երկիրը, մարդուն և անասունին, որ երկրի երեսին են, և այն տալիս եմ նրան, ով հաճելի է իմ աչքին։
«Օ՜, Տե՛ր Աստված, քո մեծ զորությամբ ու քո մեկնած բազուկով դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը. քեզ համար ոչ մի բան դժվար չէ։
Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ծածկաբար երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ ստեղծել է մեր այս հոգին. քեզ չեմ մեռցնի, ոչ էլ քեզ կմատնեմ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո կյանքը»։
Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։
Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։
Նա, որ երկնքում է շինում իր վերնատները և իր կամարը երկրի վրա հաստատում. նա, որ կանչում է ծովի ջրերին և նրանց թափում երկրի մակերեսին, Տեր է նրա անունը։
Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։
Այն Աստվածը, որ ստեղծել է այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է երկնքի և երկրի Տերը։ Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում,
ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, իբրև թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի կյանք ու շունչ և ամեն ինչ տալիս։
այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։