ՍԱՂՄՈՍՆԵՐ 33 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՓառաբանության երգ 1 Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։ 2 Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։ 3 Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։ 4 Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։ 5 Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։ 6 Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով՝ երկնային բոլոր մարմինները։ 7 Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։ 8 Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։ 9 Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։ 10 Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները։ 11 Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։ 12 Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։ 13 Տերը նայում է երկնքից. տեսնում է մարդկանց բոլոր որդիներին։ 14 Իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին։ 15 Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։ 16 Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։ 17 Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։ 18 Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, 19 Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։ 20 Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։ 21 Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։ 22 Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia