ՀՈԲ 12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Հոբը պատասխանեց. 2 «Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։ 3 Ես էլ ձեզ պես խելք ունեմ. ձեզանից պակաս չեմ. և այսպիսի բաներ ո՞վ չգիտե։ 4 Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։ 5 Իրենց ապահով զգացող մարդիկ արհամարհում են թշվառությունը՝ որպես նրանց բաժինը, որոնց ոտքերը սայթաքում են։ 6 Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։ 7 Բայց հարցրո՛ւ անասուններին, որ քեզ սովորեցնեն, և երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։ 8 Կամ երկրի հե՛տ խոսիր, ու նա քեզ կսովորեցնի, և ծովի ձկները քեզ կպատմեն։ 9 Ո՞վ չի հասկանա, որ Տիրոջ ձեռքն է այս բաներն արել, 10 Որ բոլոր կենդանի արարածների կյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։ 11 Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։ 12 Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։ 13 Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։ 14 Ահա նա կքանդի, ու չի վերաշինվի. մեկին որ բանտարկի, չի կարող ազատվել։ 15 Ահա նա ջրերը հետ է պահում, երաշտ է լինում. դրանք բաց է թողնում, ու երկիրը տակնուվրա են անում։ 16 Զորությունն ու իմաստությունը նրանն են. նրանն են նաև մոլորեցնողն ու մոլորյալը։ 17 Նա խորհրդականներին կողոպտված է ման ածում, իսկ դատավորներին՝ հիմարացած։ 18 Նա է թագավորների իշխանությունը քանդում և նա է նրանց իշխանություն տալիս։ 19 Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։ 20 Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։ 21 Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։ 22 Ի հայտ է բերում խավարի խորունկ բաները և մահվան ստվերը լույսի մեջ է դուրս բերում։ 23 Ազգերին բազմացնում է և նրանց կորստյան է մատնում. ազգերին սփռում է, նաև նրանց առաջնորդում։ 24 Երկրի ժողովուրդների գլխավորների խելքն առնում է և նրանց մոլորեցնում անճանապարհ անապատում։ 25 Նրանք խավարում խարխափում են և լույս չունեն. նա նրանց մոլորեցնում է հարբածների պես»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia