ԵՍԱՅԻ 24:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դադարել է թմբուկների բերկրանքը, կտրվել է ուրախացողների աղմուկը, դադարել է քնարի բերկրանքը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թմբուկների ցնծությունը դադարեց, ամբարիշտների հպարտությունն ու մեծությունը տեղի տվեցին, քնարների ձայները լռեցին։ |
Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան բարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։
Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։
Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնեն ժողովրդի երևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։
Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես այստեղից ձեր աչքի առաջ և ձեր օրերում կդադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը։
Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքի աղալու ձայնը և ճրագի լույսը։
Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև երկիրը ավերակ պիտի դառնա»։
Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։
Ես պիտի դադարեցնեմ նրա բոլոր ուրախությունները՝ տոնախմբությունները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր հանդիսավոր տոները։
Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների ու փողահարների ձայնն այլևս քո մեջ չպիտի լսվի, և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի, ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։