Ա. Վերադարձ Զորաբաբելի ղեկավարությամբ ( 1.1–6.22 ) Կյուրոսի հրովարտակը հրեաների՝ գերությունից վերադարձի մասին( Բ Մն. 36.22-23 ) 1 Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց. 2 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։ 3 Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։ 4 Իր ողջ հարստությունը թող վերցնի իր հետ և տանի այնտեղ, որտեղ բնակություն կհաստատի. թող իր հետ վերցնի իր ողջ ունեցվածքը, ինչ որ լինի՝ արծաթեղեն և ոսկեղեն, կահ-կարասի կամ անասուն, և իր ընկերների հետ թող տանեն իրենց հետ՝ մասնակցելու Երուսաղեմում Տիրոջ՝ Աստծու տաճարի պատրաստության համար»։ Վերադարձ Երուսաղեմ5 Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։ 6 Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։ 7 Կյուրոս թագավորն էլ բերել տվեց Տիրոջ տաճարի ողջ սպասքն ու կահքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմից և ի պահ հանձնել իր աստվածների տանը։ 8 Այդ ամենը պարսից Կյուրոս թագավորը բերել տվեց Միթրիդատ գանձապահի ձեռքով և հաշվելով հանձնեց Հուդայի իշխան Սամանասարին։ 9 Այս է դրանց թիվը. երեսուն ոսկեղեն կոնք, հազար քսանինը արծաթե կոնք. 10 Երեսուն ոսկե սկավառակներ և արծաթեղեն այլևայլ՝ հազար։ 11 Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia