Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։ Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։ Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։ Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։
Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։
Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։
Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը։
Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։
Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։
Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։
Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։
Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։
Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։
Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։ Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։ Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։
Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։
Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,
Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 118.6)։
Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։ Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։
Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։
Իմ ժողովուրդը խաղաղավետ բնակատեղում կբնակվի, ապահով վրաններում և անխռով հանգստարաններում։
Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։ Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։ Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։ Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։ Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։ Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։ Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։ Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։ Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։ Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։ Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։ Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։
Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։ Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։
Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։ Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։
Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։
Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնակա՛ն և փրկի՛չ, իմ պահապա՛ն. ես հույսս դրել եմ նրա վրա, որ իմ ժողովրդին հնազանդեցնում է ինձ։
Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։ Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։
Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է,
Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա։
Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։
Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։
Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները, Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։ Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։ Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։ Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։ Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։ Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։ Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։ Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։ Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։ Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։ Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։
Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։
Արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից, որովհետև նա կգա վարար գետի նման, որին Տիրոջ շունչն է քշում։
Որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը վահան է և զրահ։
Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։
Աստծու ճանապարհը կատարյալ է, Տիրոջ խոսքը վստահելի է. Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։
Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։
Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։
Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։
Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։
Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, նրան հարցրեց. «Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»։ որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
Արթո՛ւն եղեք, հավատի մեջ հաստատո՛ւն մնացեք. արիացե՛ք ու զորացե՛ք։ Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն։
Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։
Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։
Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որովհետև դու պահպանում ես նրանց. թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։ Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։
Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։
Իմաստությունն ու գիտությունը քո ժամանակների ապահովությունը պիտի լինեն, նաև քո փրկության զորությունը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը։
Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում,
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։
Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։
Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։
Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։
Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։
Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։
որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։
Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։
Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։
Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։
Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։
Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։
Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։
Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։
Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։
Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 118.6)։
Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։
Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։
Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։
Նա է պահում իր սրբերի ոտքերը, Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ, Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։
Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։
Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։
Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը, Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։
Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։
Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։
Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։
քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։
Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։
որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։
Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։
Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։
Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։
Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։ Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։
Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։ Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։
Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։
Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։ Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։
Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը։
Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։
Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։
Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։ Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։ Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։ Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։ Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։
Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։
սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։
Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։
Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։
Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։
«Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։
Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։ Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։ Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։
Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։
Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։
Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ։
Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում։ Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ, բայց ապստամբները բնակվում են չոր տեղում։
Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։