Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։
Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։
Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։
Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է. Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
Ամեն ժամ իմ Աստծուն ձեզ համար գոհություն եմ հայտնում այն շնորհի համար, որ Աստված ձեզ տվել է Հիսուս Քրիստոսի միջոցով,
Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ,
Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն.
«Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը, Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։
Քեզ, ո՛վ իմ հայրերի Աստված, օրհնաբանում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հիմա ինձ իմացրիր, ինչ որ մենք խնդրել էինք քեզնից, որ թագավորի պահանջածը մեզ իմացրիր»։
Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։
Որովհետև Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և ոչինչ խոտան չէ, եթե գոհությամբ է ընդունվում,
Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։
Եղբայրնե՛ր, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։
Որովհետև ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանա Աստծու փառքի համար։
Նրանց հետ էին Եմանը, Իդիթունը և մնացած ընտրյալները, որոնք անունով նշանակված էին գոհություն մատուցելու համար Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմությունը։
Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։
Որովհետև վաղուց Դավթի և Ասափի օրերին երգիչների գլխավոր կար, և Աստծուն օրհնելու և գովաբանելու երգեր։
Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։
Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։ Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։
Նախ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում։
և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։
Դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք, Աստծու քարոզության խոսքը մեզանից ստանալով, ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։
Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։
Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին. Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։
Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։
Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից, Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը Եվ պարծենանք քո մեծագործություններով”։
գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ,
Ապրողը, ապրողն է քեզ գովերգելու, ինչպես այսօր՝ ես։ Հայրն իր որդիներին պիտի իմացնի քո հավատարմությունը։
Նաև ամեն առավոտ վեր կենան Տիրոջը գովաբանելու և օրհներգելու, նույն բանն անեն և երեկոյան։
Եվ ես Հուդայի իշխաններին պարսպի վրա հանեցի և երկու մեծ դաս գոհություն երգողների կարգեցի. մեկը պարսպի վրա՝ աջ կողմում, Աղբի դռան մոտ։
Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով,
Գոհություն ենք մատուցում քեզ, ո՜վ Աստված, գոհություն. և քո անունը մոտ է. պատմում են քո հրաշքները։
Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն ես ինքս մտքով Աստծու օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։
Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար,
Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։
արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։
Ես Տիրոջով մեծապես ուրախացա, որ դուք էլ արդեն խորհեցիք իմ մասին հոգալ, ինչպես որ հոգում էիք, բայց հարմար առիթ չէիք գտնում։
Դու ես իմ Աստվածը, և ես գոհանում եմ քեզնից, ո՛վ իմ Աստված, ես պիտի պանծացնեմ քեզ։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և Աստծուն գոհություն հայտնում, իսկ ով չի ուտում, Տիրոջ համա՛ր չի ուտում և Աստծուն գոհություն հայտնում։
Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ,
Բայց ես գոհաբանության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ. տված խոստումս պիտի կատարեմ. փրկությունը Տիրոջից է»։
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։
Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ, և փառաբանեցե՛ք նրան՝ իր սրբությունը հիշելով,
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ,
Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։
դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։
Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. «Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես բժշկելու եմ նրան»։
Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում։ Իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, երկնքի ու երկրի Տե՛ր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։
Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։
Միշտ ուրա՛խ եղեք։ Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։