Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիների որովայնը»։
Քեզ քո չարությունը կպատժի, և քո ուխտադրժումը կհանդիմանի։ Արդ, իմացի՛ր և տե՛ս, որ չար և դառը բան է քո Տեր Աստծուն լքելը և իմ սարսափը քո մեջ չլինելը,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,-
Քո մեծ քույրը Սամարիան է, ինքն ու իր դուստրերը, որոնք բնակվում են քո հյուսիսային կողմում, իսկ քո փոքր քույրը, որ բնակվում է քո հարավում, Սոդոմը և նրա դուստրերը։
Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։
Ձեզ համար արդարությամբ սերմանե՛ք, ողորմությամբ հնձե՛ք, խոպանը մշակե՛ք ձեզ համար, քանի որ Տիրոջը փնտրելու ժամանակն է, մինչև որ ինքը գա, և արդարություն տեղա ձեզ վրա։
Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։
Տերն այսպես է ասում. «Ամմոնի որդիների երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանը։