Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՈՎՍԵԵ 14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Ովսեեի աղերսն Իսրայելին

1 Ո՛վ Իսրայել, Տիրոջը՝ քո Աստծո՛ւն դարձիր, որովհետև դու սայթաքել ես քո անօրենության պատճառով։

2 Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։

3 Ասորեստանցին մեզ չի փրկելու, ձիեր չենք հեծնելու և մյուս անգամ մեր ձեռքի գործերին չենք ասելու. “Ո՛վ մեր Աստված”, որովհետև որբը քեզանից է ողորմություն գտնում»։

4 Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից։


Տերը նոր կյանք է խոստանում

5 Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի նման պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանի ծառի պես։

6 Նրա ճյուղերը պիտի տարածվեն, և նրա վայելչությունը ձիթենու պես, իսկ բուրմունքը Լիբանանի պես պիտի լինի։

7 Նրա հովանու տակ ապրողները պիտի վերադառնան, պիտի կենդանանան ցորենի պես և ծաղկեն որթատունկի պես։ Նրա բուրմունքը Լիբանանի գինու պես պիտի լինի։

8 Եփրեմը պիտի ասի. «Ես այլևս ի՞նչ ունեմ կուռքերի հետ»։ Ես լսեցի նրա խնդրանքը և խնամեցի նրան։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, քո պտուղն ինձնից է գտնվելու։

9 Ո՞վ է իմաստուն, թող հասկանա այս բաները, կամ հասկացող, թող գիտենա սրանք. որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ