Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՈՎՍԵԵ 14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Ովսեեի աղերսն Իսրայելին

1 Կկործանվի Սամարիան, որովհետև ընդդիմացավ իր Աստծուն. սրով կընկնեն, նրա կաթնակերները քարի կզարնվեն, և նրա հղիները կպայթեն։

2 Դարձի՛ր, Իսրայե՛լ, Տիրոջը՝ քո Աստծուն, քանի որ տկարացար քո անօրենություններով։

3 Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։

4 Ասորեստանցին չի փրկում մեզ. ձի չենք հեծնի և այլևս մեր ձեռակերտներին մեզ աստված չենք ասի, որովհետև ով որ քո մեջ է, կգթա որբերին։


Տերը նոր կյանք է խոստանում

5 «Կվերականգնեմ նրանց բնակավայրերը և ամբողջապես կսիրեմ նրանց, որովհետև իմ բարկությունը հեռացավ նրանցից։

6 Եվ կլինի որպես ցող Իսրայելի համար, կծաղկի, ինչպես շուշանը և կարձակի իր արմատը, ինչպես Լիբանոսը։

7 Կտարածվեն նրա ոստերը և կլինեն պտղալից ձիթենու պես, և նրա հոտը կբուրի կնդրուկի պես։

8 Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո, կապրեն ու կզորանան ցորենով, կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես, և կլինի Լիբանանի գինու պես

9 Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։

10 Ո՞վ է իմաստուն, որ հասկանա սա, հանճարեղ, որ ճանաչի սա. քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները կընթանան դրանցով, իսկ ամբարիշտները կտկարանան դրանց մեջ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ