ԾՆՆԴՈՑ 12:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառանից դուրս գալիս Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան։ Նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից։ |
Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը՝ Առանի որդի Ղովտին, և իր հարսին՝ Սարային, որն իր որդի Աբրամի կինն էր, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից՝ Քանանի երկիրը գնալու համար։ Նրանք եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ։
Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։
Այդ ժամանակ նա դուրս եկավ քաղդեացիների երկրից, բնակվեց Խառանում։ Այնտեղից էլ նրա հոր մահվանից հետո նրան փոխադրեց այս երկիրը, որտեղ հիմա դուք բնակվում եք։
Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։