Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԾՆՆԴՈՑ 11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Բաբելոնի աշտարակը

1 Ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու և մեկ խոսվածք։

2 Երբ նրանք արևելքից մեկնեցին, Սենաար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ։

3 Եվ իրար ասացին. «Եկեք աղյուսներ շինենք և թրծենք կրակով»։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ։

4 Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ»։

5 Տերն իջավ՝ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։

6 Տերն ասաց. «Ահա մեկ ազգ է, և մեկ լեզու նրանց բոլորի համար, և ահա սկսեցին կառուցել, ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։

7 Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան»։

8 Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ, և դադարեցին քաղաքը կառուցելուց։

9 Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։


Սեմի սերունդը
( Ա Մն. 1.24-27 )

10 Սեմի սերունդները սրանք են. Սեմը հարյուր տարեկան էր, երբ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի հետո։

11 Արփաքսադին ծնելուց հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

12 Արփաքսադը երեսունհինգ տարի ապրեց և ծնեց Սաղային։

13 Սաղայի ծնվելուց հետո Արփաքսադն ապրեց չորս հարյուր երեք տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

14 Սաղան երեսուն տարի ապրեց և ծնեց Եբերին։

15 Եբերի ծնվելուց հետո Սաղան ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

16 Եբերը երեսունչորս տարի ապրեց և ծնեց Փաղեկին։

17 Փաղեկի ծնվելուց հետո Եբերն ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

18 Փաղեկը երեսուն տարի ապրեց և ծնեց Ռագավին։

19 Ռագավի ծնվելուց հետո Փաղեկն ապրեց երկու հարյուր ինը տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

20 Ռագավը երեսուներկու տարի ապրեց և ծնեց Սերուգին։

21 Սերուգի ծնվելուց հետո Ռագավն ապրեց երկու հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

22 Սերուգը երեսուն տարի ապրեց և ծնեց Նաքորին։

23 Նաքորի ծնվելուց հետո Սերուգն ապրեց երկու հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

24 Նաքորը քսանինը տարի ապրեց և ծնեց Թարային։

25 Թարայի ծնվելուց հետո Նաքորն ապրեց հարյուր տասնինը տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

26 Թարան յոթանասուն տարի ապրեց և ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին։

27 Սրանք են Թարայի սերունդները. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին. Առանը ծնեց Ղովտին։

28 Առանը մեռավ իր հոր՝ Թարայի կենդանության ժամանակ իր ծննդավայրում՝ քաղդեացիների Ուր քաղաքում։

29 Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։

30 Սարան ամուլ էր և զավակ չուներ։

31 Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը՝ Առանի որդի Ղովտին, և իր հարսին՝ Սարային, որն իր որդի Աբրամի կինն էր, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից՝ Քանանի երկիրը գնալու համար։ Նրանք եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ։

32 Թարայի օրերը երկու հարյուր հինգ տարի եղան. Թարան մեռավ Խառանում։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ