ԵՍԱՅԻ 24:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով փախչի սարսափի ձայնից, վիհն է ընկնելու, և վիհի միջից դուրս եկողը որոգայթի մեջ է բռնվելու, որովհետև վերևից բաց են պատուհանները, և երկրի հիմքերը դողում են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ահից փախչի, թող ընկնի գուբը, և ով ելնի գբից, թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։ |
Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսին, ամսի տասնյոթերորդ օրը, այդ նույն օրը, մեծ անդունդի բոլոր աղբյուրները ժայթքեցին, և երկնքի պատուհանները բացվեցին։
Եվ այն զորապետը, որի ձեռքի վրա հենվում էր թագավորը, պատասխանեց Աստծու մարդուն և ասաց. «Եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, մի՞թե կլինի այդ բանը»։ Եվ նա ասաց. «Ահա քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։
Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։
Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, և ցնցվեցին լեռների հիմքերն ու դողացին, որովհետև նա բարկացավ։
Քանի որ մարդը չգիտի իր ժամանակը. ինչպես որ ձկներն են բռնվում չար ուռկանով, ինչպես որ թռչուններն են բռնվում ծուղակի մեջ, նրանց նման էլ մարդկանց որդիներն են բռնվում որոգայթի մեջ մի չար ժամանակում, որը հանկարծ նրանց վրա է գալիս։
Դրա համար կցնցեմ երկինքը, և երկիրն իր տեղից կսասանվի, Զորությունների Տիրոջ վրդովմունքի ժամանակ՝ բորբոք բարկության օրը։
Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։
որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։
Բայց նա թալանված և կողոպտված ժողովուրդ է։ Նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկած փոսերում և թաքցված են զնդաններում. նրանք կողոպուտի մատնվեցին, և ազատող չկա, թալանվեցին, և ասող չկա, թե՝ վերադարձրո՛ւ։
Նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ Իսրայելի երկու տների համար՝ գայթակղության քար ու գլորման վեմ և Երուսաղեմի բնակիչների համար՝ թակարդ ու որոգայթ։
Սարսափից փախչողը գուբը պիտի ընկնի, իսկ գուբից դուրս ելնողը որոգայթի մեջ պիտի բռնվի, որովհետև ես նրա վրա, այսինքն՝ Մովաբի վրա, պատժի տարին պիտի բերեմ,- ասում է Տերը։-
Եվ նրա վրա պիտի տարածեմ իմ ցանցը, և նա պիտի բռնվի իմ որոգայթի մեջ. նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, պիտի բերեմ, բայց այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի։
Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։
Վա՜յ ձեզ, որ Տիրոջ օրն եք ցանկանում, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. այն խավար է և ոչ թե լույս։
Ինչպես որ երբ մարդ փախչի առյուծի բերանից, և արջը հանդիպի նրան, կամ տուն մտնի և ձեռքը պատին հենի, և օձը կծի նրան.