Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Հավիտենական խաղաղությունը

1 Այն պատգամը, որը Ամոզի որդի Եսային տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին։

2 Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։

3 Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը. նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով»։ Արդարև, Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։

4 Նա կդատի ազգերին և կհանդիմանի շատ ժողովուրդների։ Նրանք իրենց սրերից խոփեր կձուլեն և իրենց նիզակներից՝ էտոցներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չպիտի սովորեն պատերազմել։

5 Ո՛վ Հակոբի տուն, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսով։


Հոխորտանքը պիտի կործանվի

6 Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։

7 Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։

8 Նրանց երկիրը լցված է կուռքերով. նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։

9 Մարդը խոնարհեցվում է, մարդիկ նվաստացվում են. մի՛ ներիր նրանց։

10 Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։

11 Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը,

12 որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն,

13 Լիբանանի բոլոր եղևնիների դեմ՝ բարձր ու բարձրացած, և Բասանի բոլոր կաղնիների դեմ,

14 բոլոր բարձրաբերձ լեռների և բոլոր բարձր բլուրների դեմ,

15 ամեն բարձր աշտարակի և ամեն ամուր պարսպի դեմ,

16 Թարսիսի բոլոր նավերի դեմ, ցանկալի տեսք ունեցող ամեն ինչի դեմ և ճարտարորեն պատրաստված ամեն բաների դեմ։

17 Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։

18 Կուռքերն ամբողջովին պիտի անհետանան։

19 Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։

20 Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին,

21 որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։

22 Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ