Շնորհակալություն Աստծու արդարության համարԵրգողների գլխավորին։ «Որդու մահը» երգի եղանակով։ Դավթի սաղմոս։ 1 Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ 2 Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ 3 Իմ թշնամիները ետ դառնալիս կործանվում և կորչում են քո առջևից, 4 Որովհետև դու արեցիր իմ դատաստանն ու իրավունքը. դու նստեցիր աթոռի վրա, ո՛վ արդար դատավոր։ 5 Դու սաստեցիր հեթանոսներին և կորցրիր ամբարիշտին. նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։ 6 Թշնամիները վերջացան բոլորովին, դարձան հավիտենական ավերակներ, և դու քանդեցիր նրանց քաղաքները, նրանց հիշատակը կորավ նրանց հետ։ 7 Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։ 8 Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։ 9 Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։ 10 Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։ 11 Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, 12 Որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ խեղճերի աղաղակը։ 13 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ տառապանքը, որ իմ ատողներից է, դու, որ մահվան դռնից բարձրացնում ես ինձ, 14 Որպեսզի Սիոնի աղջկա դռների մեջ պատմեմ քո բոլոր օրհնությունները և քո փրկությամբ ցնծամ։ 15 Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։ 16 Տերը հայտնի դարձավ, նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։ (Հիկկայոն. Սելա)։ 17 Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։ 18 Որովհետև չքավորն իսպառ չի մոռացվի, և խեղճի հույսը չի կորչի հավիտյան։ 19 Վե՛ր կաց, Տե՛ր, և թող չզորանա մարդը. թող հեթանոսները դատվեն քո առաջ։ 20 Տե՛ր, ահ ու վա՛խ դիր նրանց մեջ. թող հեթանոսներն իմանան, որ մարդիկ են։ (Սելա)։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia