ՍԱՂՄՈՍՆԵՐ 10 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք արդարության համար 1 Ո՜վ Տեր, ինչո՞ւ ես հեռու մնում և քեզ թաքցնում նեղության ժամանակներում։ 2 Ամբարիշտի ամբարտավանությունից այրվում է աղքատը. թող բռնվեն այն չար խորհուրդներով, որ իրենք հնարեցին։ 3 Որովհետև ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկությամբ, ագահն անիծում և անարգում է Տիրոջը։ 4 Ամբարիշտն իր երեսի ամբարտավանությամբ երբեք չի փնտրում Աստծուն. Աստված չկա նրա բոլոր խորհուրդներում։ 5 Նրա ճանապարհները ծանր են ամեն ժամանակ. քո կանոնները վեր են նրա տեսողությունից. նա փքվում է իր բոլոր թշնամիների վրա։ 6 Նա ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գա ինձ վրա»։ 7 Նրա բերանը լիքն է անեծքով, նենգությամբ և սպառնալիքով, նրա լեզվի տակ նեղություն կա և անօրենություն։ 8 Նա գյուղերի դարանն է մտնում, ծածուկ տեղում սպանում է անմեղին, նրա աչքերը ծածուկ նայում են խեղճին։ 9 Թաքուն տեղում դարանամուտ է լինում, ինչպես առյուծն իր որջում. դարան է մտնում, որ աղքատին հափշտակի, և հափշտակում է աղքատին՝ իր որոգայթի մեջ գցելով նրան։ 10 Կուչ է գալիս, պառկում, և խեղճերն ընկնում են նրա ճանկերի տակ։ 11 Նա ասում է իր սրտում. «Աստված մոռացավ, թաքցրեց իր երեսը, նա բնավ չի տեսնի»։ 12 Վե՛ր կաց, Տե՛ր, ո՜վ Աստված, բարձրացրո՛ւ քո ձեռքը, մի՛ մոռացիր նեղյալներին։ 13 Ինչո՞ւ ամբարիշտն անարգի Աստծուն և իր սրտում ասի. «Դու չես քննի»։ 14 Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով. աղքատն իրեն հանձնում է քեզ. դու ես որբի օգնականը։ 15 Կոտրի՛ր ամբարիշտի և չարի բազուկը, որ նրա չարությունը փնտրես և էլ չգտնես։ 16 Տերն է թագավորը հավիտյանս հավիտենից, հեթանոսները կորել են նրա երկրից։ 17 Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր, 18 Որ դատաստան անես որբի և խեղճի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրանց։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia