Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՍԱՂՄՈՍՆԵՐ 63 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 63

Փափագ Աստծու հանդեպ
Դավթի սաղմոս, երբ նա Հուդայի անապատում էր։

1 Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։

2 Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ,

3 Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։

4 Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։

5 Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։

6 Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ, գիշերվա պահերին մտածում եմ քո մասին։

7 Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։

8 Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։

9 Բայց նրանք, որ իմ անձի կորուստն են ուզում, պիտի ընկնեն ցած՝ երկրի խորքերը.

10 Սրի ձեռքը պիտի մատնվեն և աղվեսների բաժին պիտի լինեն։

11 Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա, պիտի պարծենան բոլոր նրանք, որ երդվել են նրանով, որովհետև պիտի փակվի սուտ խոսողների բերանը։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia