ՍԱՂՄՈՍՆԵՐ 64 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՊահպանության աղոթք Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ 1 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ ձայնը իմ գանգատվելու ժամանակ, պահպանի՛ր իմ կյանքը թշնամու ահից։ 2 Ծածկի՛ր ինձ չարերի բազմությունից՝ անօրենություն գործողների ամբոխից, 3 Որոնք սրում են իրենց լեզուները թրի նման և պատրաստում են իրենց նետը, այսինքն՝ դառը խոսքը, 4 Որ թաքուն գցեն անմեղի վրա. հանկարծակի գցում են ու չեն վախենում։ 5 Չար բանը զորավոր են անում իրենց համար, խորհրդակցում են, որ թաքուն որոգայթներ դնեն, և ասում են. «Ո՞վ պիտի տեսնի դրանք»։ 6 Նրանք անօրենություններ են խորհում և ասում. «Կատարեցինք, գտանք հնարը. տեսանք, որ մարդու ներսը և սիրտը խորն են»։ 7 Բայց Աստված հանկարծ նետ պիտի գցի նրանց վրա, և նրանք պիտի խոցվեն։ 8 Նրանց լեզուն պիտի ցած գցի նրանց՝ մեկը մյուսի վրա, և բոլորը, ովքեր տեսնեն նրանց, պիտի փախչեն։ 9 Բոլոր մարդիկ պիտի վախենան և պատմեն Աստծու գործերի մասին և պիտի մտածեն նրա արածների մասին։ 10 Արդարն ուրախ պիտի լինի Տիրոջով և իր հույսը դնի նրա վրա, և ուղիղ սրտով բոլոր մարդիկ պիտի պարծենան։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia