ՍԱՂՄՈՍՆԵՐ 62 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՎստահություն Աստծուն Երգողների գլխավորին։ Իդիթունի վրա։ Դավթի սաղմոս։ 1 Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։ 2 Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։ 3 Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։ 4 Հիրավի, խորհուրդ են անում, որ նրան ցած գցեն իր բարձրությունից. հավանում են ստությունը, իրենց բերանով օրհնում են, բայց անիծում են իրենց սրտի մեջ։ (Սելա)։ 5 Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։ 6 Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։ 7 Աստծու մոտ են իմ փրկությունը և փառքը. իմ զորության վեմը և իմ ապավենը Աստծու մոտ են։ 8 Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։ 9 Հիրավի, հասարակ մարդիկ ունայն են, և մեծամեծ մարդիկ՝ սուտ. երբ դրվեն կշեռքի վրա, նրանք ավելի թեթև պիտի լինեն ամեն ունայնությունից։ 10 Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։ 11 Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։ 12 Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia