Չարչարված երիտասարդի աղոթքըԱղքատի աղոթքը, երբ նրա սիրտը մաշվում է, և իր ցավը թափում է Տիրոջ առջև։ 1 Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։ 2 Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։ 3 Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։ 4 Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։ 5 Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։ 6 Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։ 7 Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։ 8 Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։ 9 Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ 10 Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։ 11 Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։ 12 Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։ 13 Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։ 14 Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։ 15 Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։ 16 Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։ 17 Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։ 18 Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։ 19 Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին, 20 Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին, 21 Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում, 22 Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։ 23 Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։ 24 Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։ 25 Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։ 26 Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։ 27 Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։ 28 Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia