ՍԱՂՄՈՍՆԵՐ 101 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԹագավորի խոստումը Դավթի սաղմոս։ 1 Ողորմություն և իրավունք պիտի երգեմ, քեզ, ո՜վ Տեր, սաղմոս պիտի ասեմ։ 2 Իմաստությամբ պիտի գնամ կատարելության ճանապարհով. ե՞րբ պիտի գաս ինձ մոտ. իմ սրտի անմեղությամբ պիտի ընթանամ իմ տան մեջ։ 3 Իմ աչքի առջև չար բան չեմ դնի. ատում եմ անօրենություն գործողին. թող նա չմոտենա ինձ։ 4 Ծուռ սիրտը թող հեռանա ինձնից. չարը չեմ ճանաչելու։ 5 Նրան, որ ծածուկ բամբասում է իր ընկերոջից, պիտի բնաջնջեմ. նրան, որ ամբարտավան է աչքով և սրտով գոռոզ, չեմ կարող տանել։ 6 Իմ աչքը երկրի հավատարիմների վրա է, որ բնակվեն ինձ հետ. անմեղ ճանապարհ գնացողը պիտի ծառայի ինձ։ 7 Նենգություն անողը չպիտի բնակվի իմ տան մեջ. նա, ով սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առջև։ 8 Առավոտից պիտի ջնջեմ երկրի բոլոր ամբարիշտներին, որպեսզի Տիրոջ քաղաքից բնաջնջեմ բոլոր անօրենություն գործողներին։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia