Չորս կառքերի տեսիլքը1 Դարձյալ աչքերս բարձրացրի և տեսա, որ ահա չորս կառք է դուրս գալիս երկու սարերի մեջտեղից, և սարերը պղնձի սարեր էին։ 2 Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։ 3 Երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը բծավոր էին, բոսորագույն։ 4 Եվ ես պատասխան տվեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։ 5 Եվ հրեշտակը պատասխան տվեց ու ասաց ինձ. «Սրանք գալիս են ամբողջ երկրի Տիրոջ առաջ կանգնելուց, դեպի երկնքի չորս հողմերն են դուրս գալիս։ 6 Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպի արևմուտք, իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։ 7 Եվ բոսորագույնները դուրս եկան և ձգտում էին գնալ ու շրջել երկրում։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրի վրա»։ Եվ նրանք շրջեցին երկրի վրա։ 8 Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։ Մարգարեություն Հեսուի պսակադրման մասին9 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 10 «Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։ 11 Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։ 12 Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Զորքերի Տերը. "Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։ 13 Եվ նա կկառուցի Տիրոջ տաճարը։ Նա մեծափառություն պիտի կրի և պիտի բազմի իր գահի վրա, պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև"”։ 14 Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։ 15 Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia