Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԶԱՔԱՐԻԱ 7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Աստված հանդիմանում է կեղծ ծոմապահությունը

1 Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային,

2 և Բեթելից մարդկանց ուղարկեցին Սարասարի, Ռեկկեմելեքի գլխավորությամբ Աստծու տունը, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը հայցեն՝

3 Զորքերի Տիրոջ տանը եղող քահանաներին ու մարգարեներին ասելով. «Արդյոք պետք է լա՞ց լինեմ հինգերորդ ամսում՝ ծոմ պահելով, ինչպես որ արել եմ այսքան տարիներ»։

4 Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

5 «Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. “Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդ ամիսներին, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։

6 Եվ երբ որ ուտում եք ու խմում եք, մի՞թե ձեզ համար չեք ուտում և ձեզ համար խմում։

7 Տերը մի՞թե նույն խոսքերը չհաղորդեց վաղ մարգարեների միջոցով, քանի դեռ Երուսաղեմը բնակեցված էր ու խաղաղ, իր և շրջակա քաղաքներով, շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը բնակեցված էին”»։


Անհնազանդությունը՝ աքսորի պատճառ

8 Եվ Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային՝ ասելով.

9 «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։

10 Մի՛ հարստահարեք այրուն ու որբին, օտարականին ու աղքատին և ձեր սրտերում միմյանց դեմ չարություն մի՛ նյութեք”»։

11 Բայց նրանք մերժեցին ականջ դնել, ուսերը համառությամբ շրջեցին և իրենց ականջները ծանրացրին, որ չլսեն։

12 Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։

13 «Ինչպես որ նա կանչեց, և նրանք չլսեցին, այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չպիտի լսեմ,- ասում է Զորքերի Տերը։-

14 Եվ ես մրրիկով քշեցի նրանց բոլոր ազգերի մեջ, որոնց նրանք չգիտեին։ Եվ նրանց հետևից երկիրն ամայացավ, գնացող կամ եկող չկար, և ցանկալի երկիրն ամայացրին»։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ