1 Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։ 2 Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։ 3 Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։ 4 Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։ 5 Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։ 6 Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։ 7 Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։ 8 Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։ 9 Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։ 10 Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։ 11 Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։ 12 Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։ 13 Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։ 14 Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։ 15 Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։ 16 Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։ 17 Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։ 18 Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։ 19 Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։ 20 Ով որ խոսքին ուշադիր է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։ 21 Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։ 22 Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։ 23 Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։ 24 Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։ 25 Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։ 26 Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։ 27 Անպիտան մարդը չարություն է նյութում, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։ 28 Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։ 29 Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատ ճանապարհով։ 30 Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։ 31 Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։ 32 Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից։ 33 Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia