Ողջամիտ վարդապետություն1 Բայց դու խոսի՛ր այն, ինչ պատշաճ է ողջամիտ վարդապետությանը։ 2 Հորդորի՛ր, որ ծերերը զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ լինեն հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ։ 3 Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ, 4 որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, իրենց զավակներին, 5 լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։ 6 Հորդորի՛ր նաև երիտասարդներին, որ լինեն խոհեմ, 7 բարի գործերի մեջ իրենք իրենց օրինակ դարձնեն բոլորին, ուսուցման մեջ պահեն անեղծությունը, մաքրությունը, պարկեշտությունը, 8 ողջամիտ խոսքը, պարսավանքի տեղիք չտան, որպեսզի հակառակորդն ամոթով մնա և որևէ չար բան չունենա մեր մասին ասելու։ 9 Հորդորի՛ր ծառաներին, որ ամեն ինչում հնազանդ լինեն իրենց տերերին և գոհացնեն նրանց, չհակառակվեն, 10 չգողանան, այլ բացարձակ հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի ամեն ինչով պատիվ բերեն մեր Փրկչի՝ Աստծու վարդապետությանը։ Փրկչական շնորհի հայտնությունը11 Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, 12 Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ 13 և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, 14 որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։ 15 Այս ամենը խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի թե որևէ մեկը քեզ արհամարհի։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia