Բարեկամություն աշխարհի հետ1 Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։ 2 Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։ 3 Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին։ 4 Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։ 5 Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։ 6 Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։ 7 Ուրեմն հնազանդվե՛ք Աստծուն և դիմադրե՛ք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։ 8 Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը. 9 տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։ 10 Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։ 11 Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք. իր եղբորը բամբասողը կամ դատողը չարախոսում է օրենքի մասին և դատում այն. իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը գործադրող չես, այլ դատավոր։ 12 Կա մե՛կ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել ու կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես մերձավորիդ։ Զգուշացում պարծենալուց13 Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք»։ 14 (Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։ 15 Փոխանակ ասեիք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը։ 16 Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։ 17 Ով գիտի, թե ի՛նչ է բարեգործությունը, և բարիք չի անում, նրա համար դա մեղք է։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia