1 Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում», 2 քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրևներից հետո։ 3 Այդ օրը քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զորավոր այրերը, պիտի պակասեն և դատարկվեն աղորիքները, պիտի խավարեն անցքերից նայողները, 4 ու երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնեն աքլորականչին, և պիտի նվաղի երգող աղջիկների ձայնը, 5 պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, մորեխը պիտի բազմանա, և փշոտ թուփը տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը. հրապարակներում լացուկոծ անողնե՛րը պիտի շրջապատեն նրան, 6 քանի դեռ արծաթի լարը չի խզվել, և չի քանդվել ոսկի մանյակը, մինչ սափորը չի փշրվել աղբյուրի մոտ, և չի կոտրվել ջրհորի անիվը։ 7 Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։ 8 Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է։ Վերջաբան9 Եվ այսպիսով, քանի որ Ժողովողը մյուսներից ավելի իմաստուն դարձավ, սկսեց գիտություն սովորեցնել ժողովրդին, ուսումնասիրեց ու մշակեց բազմաթիվ առակներ։ 10 Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խոսքեր գտնի ու գրի ճշմարիտ և ուղղամիտ խոսքերով գրություններ։ 11 Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։ 12 Մի խոսք ևս, որդյա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետև դրան վերջ չկա, իսկ շատ կարդալն էլ մարմնի համար հոգնություն է։ 13 Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։ 14 Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia