Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՐԳ ԵՐԳՈՑ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Կամ օրհնությունների օրհնություն ասված Իսրայելի արքա Սողոմոնի կողմից Հարսն ասում է.

1 Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, քանզի քո ստինքները լավ են գինուց, և հոտը յուղերի քո՝ բոլոր խունկերից։

2 Քո անունը հեղված յուղ է անուշ, դրա համար օրիորդները սիրեցին քեզ և դեպի իրենց ձգեցին քեզ։

3 Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Արքան տարավ ինձ Իր սենյակը։ Ցնծանք և ուրախ լինենք քեզանով և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Ուղղությունը սիրեց քեզ։


Հարսը պատմում է օրիորդներին փեսայի մասին, թե ի՛նչ է շնորհել իրեն. Հարսը պատմում է օրիորդներին, և նրանք ասում են. Օրիորդները հարսին ասում են փեսայի անունը. Հարսն ասում է.

4 Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։

5 Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել։ Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին և ինձ այգեստանի պահապան դրեցին, Սակայն իմ այգին չկարողացա պահել։


Հարսն ասում է փեսային.

6 Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրելի, որտե՞ղ ես հովվում քո հոտը, որտե՞ղ ես հանգչում միջօրեին. միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։


Փեսան ասում է հարսին.

7 Եթե դու ինքդ չգիտես, գեղեցի՛կդ կանանց մեջ, հետևի՛ր դու հոտերի ոտնահետքերին և արածեցրո՛ւ քո ուլերին հովիվների վրանների մոտ։

8 Մերձավո՛ր իմ, քեզ նմանեցրի փարավոնի կառքերին լծված իմ երիվարներին։


Օրիորդներն ասում են.

9 Քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման և քո պարանոցը՝ մանյակների պես։

10 Ոսկե զարդի պես դարձնենք քեզ՝ արծաթե կիտվածքներով հանդերձ,

11 մինչև արքան քեզ իր գիրկն ընդունի։


Հարսն ասում է ինքն իրեն և փեսային.

12 Իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որը պիտի հանգստանա իմ ստինքների մեջ։

13 Նոճու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին՝ Ենգադդի այգեստանների մեջ։


Փեսան ասում է հարսին.

14 Ահավասիկ գեղեցիկ ես, մերձավո՛ր իմ, ահավասիկ գեղեցիկ ես. քո աչքերն աղավնիներ են։


Հարսն ասում է փեսային.

15 Ահա բարետես ես, սիրեցյա՛լ իմ, նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո։

16 Մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը՝ նոճիներ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ