Ի՞նչ է անում իմաստունը1 Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։ 2 Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թե ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրա։ 3 Երբ ամպերը լցվում են անձրևով, այն թափում են երկրի վրա։ Երբ ծառն ընկնում է դեպի հարավ կամ դեպի հյուսիս, ուր էլ ընկնի, այնտեղ էլ մնում է։ 4 Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի, 5 որովհետև անհնար է իմանալ, թե ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպես որ հղի կնոջ արգանդում գոյացող ոսկորները, այնպես էլ Աստծու բոլոր գործերը, որոնք նա արել է և դեռ պիտի անի, ծածկված են քեզանից։ 6 Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի՝ սա՞, թե՞ նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։ 7 Քաղցր է լույսը, և աչքի համար հաճելի է նայել արեգակին, 8 որովհետև եթե մարդ բազում տարիներ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի հիշի նաև խավարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի ամեն եկող բան ունայնություն է։ Խրատ երիտասարդին9 Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։ 10 Եվ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմությունը և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունն ունայնություն են։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia